Այսօր` ապրիլի 23-ին, ժամը 17-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոմայրուղու 32-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW մակնիշի 15 ՕՕ 984 համարանիշ ավտոմեքենայի վարորդ` 28-ամյա Անդրանիկ Առաքելյանը, ըստ նախնական տեղեկությունների, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս գալով երթեւեկելի հատվածից, բախվել է ճամփեզրի հողաթմբերին եւ շրջվել է` հայտվելով բաժանարար գոտում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները` մարզի ոստիկանության պետի տեղակալ Կորյուն Հարությունյանի եւ ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը`բաժնի պետ Վաղարշակ Վարդանյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Չարենցավանի քննչական բաժանմունքի խումբը` բաժանմունքի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ: Վերջինիս հանձնարարականով քարշակ մեքենա են կանչել, որ վթարված մեքենան տեղափոխվի տուգանային հրապարակ: Քննչական մարմինը ձեռնարկում է միջոցներ` վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: 

ՃՈ աշխատակիցների եւ մի քանի քաղաքացիների օգնությամբ մեքենայից դուրս բերեցին Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի բնակչուհի, 26-ամյա Թագուհի Թեքմեջյանին եւ Երեւանի Քանաքեռ 13 փողոցի բնակիչ, 26-ամյա Արման Հովսեփյանին, որոնց շտապօգնության մեքենան տեղափոխել է Չարենցավանի հիվանդանոց: Արման Հովսեփյանը հիվանդանոցում մահացել է: 

Դեպքի վայրում է նաեւ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության  աշխատակիցները` Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի