Կորոնավիրուսի հետեւանքները կարճաժամկետ հեռանկարում լուրջ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա։ Այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքերով՝ նավթի գների նվազումը անկայունության է բերել համաշխարհային տնտեսության մեջ։ «Հայաստանը, հանդիսանալով նավթամթերքների եւ էներգակիրների ներկրող, առաջին հայացքից պետք է շահի դրանից, սակայն տվյալ իրավիճակը հարված է հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, որը մեր վաճառահանման հիմնական շուկան է, ինչպես նաեւ հանգեցրել է պղնձի համաշխարհային գների նվազման՝ տոննայի համար 6000 դոլարից մինչեւ 4800 դոլար։
«Նշեմ, որ այս արտադրանքի արտահանումից բյուջետային հոսքերը անցյալ տարի կազմել են ավելի քան 550 մլն դոլար»,- ընդգծեց նա։ Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ տուժել է նաեւ զբոսաշրջությունը։ Նախարարը վստահություն հայտնեց, որ այս դժվարությունները ամեն ինչի հետ մեկտեղ ապագայում կարող են լրացուցիչ հնարավորություններ ստեղծել, այդ պատճառով Հայաստանի կառավարությունը արդեն այսօր պատրաստ է խրախուսել այն կազմակերպություններին, որոնք նոր իրականության մեջ զարգացման ծրագիր կմշակեն։




























