2007թ գարնանից հետո, երբ իշխանության եկավ ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը, ընդամենը մեկ երկիր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին այսօր` ապրիլի 23-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
«Դրանով պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը հատուկ քաղաքականություն է վարել: Նա կանգնեցրել, դադարեցրել է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Հիմա ոչ մի տեղ միջազգային ճանաչման պրոցեսը չկա»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը` հավելելով, որ հայ-թուրքական արձանագրությունների հիմնական նպատակը Ցեղասպանության միջազգային ճամաչումը դադարեցնելն էր:
Նրա խոսքով` Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ցեղասպանության միջազգային ճանաչումը, թեեւ ճանաչված չէր որպես պետական քաղաքականություն, այնուամենայնիվ, մի շարք պետություններ ճանաչեցին այն, որովհետեւ Տեր-Պետրոսյանը չէր խոչընդոտում այդ պրոցեսին:
Մեր հարցին, թե մինչեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցն արժե որեւէ լավ բան սպասել, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց, որ չի կարծում, որ մինչեւ 2015թ. Սերժ Սարգսյանը կլինի իշխանության ղեկին. «Ես ուզում եմ, որ իշխանությունները հեռանան, որ երկիրը դառնա նորմալ երկիր բոլոր ուղղություններով, որ դառնա ժողովրդավար, հարգվեն մարդու իրավունքները, որ լինի ազատ խոսք ոչ միայն ինտերնետում, այլեւ ԶԼՄ-ներում, նաեւ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:





























