Իտալիայի կառավարությունը մինչեւ 3000 եվրո բարձրացնում է կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինի խախտման տուգանքները։ Այս մասին հայտարարելով՝ վարչապետ Ջուզեպե Կոնտեն միաժամանակ սահմանափակման խիստ միջոցառումները մեղմացնելու հույս է հայտնել։ Վարակման նոր դեպքերի թիվը երկրում նվազում է, սակայն մահվան ելքերի թիվը շարունակում է աճել։ Միաժամանակ, ավելի ու ավելի շատ մարդ է առողջանում, հայտնում է Reuters-ը։
«Մենք տուգանք ենք ներդրել, որի չափը կազմում է 400-3000 եվրո, քանի որ նախկին կանոնները խախտվել են։ Այսուհետ նոր տուգանքներ են գործում»,- ասել է նա։
Երկրում բոլոր հաստատությունները, որոնք կապ չունեն կենսապահովման հետ, փակ են մինչեւ ապրիլի 3-ը։ Մարդիկ պարտավոր են տանը մնալ։ Ժամկետը կարող է երկարաձգվել եւս 4 ամսով։
Հռոմի Casal Palocco հիվանդանոցը վերջին ժամանակներս բացառապես կորոնավիրուսով հիվանդների է ընդունում։ Վերակենդանացման բաժանմունքում 30 մահճակալ կա, եւս 68 մահճակալ նոր ընդունվածների եւ առողջացողների համար է նախատեսված։
31 օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 70 000-ի։ Երեքշաբթի օրը մահացել է 743 մարդ, համաճարակի ընթացքում՝ ավելի քան 6800 մարդ։ Միաժամանակ, նոր հիվանդացողների թիվը կրճատվում է։ Առողջացել է ավելի քան 8300 պացիենտ, որից 894-ը՝ երեկվա ընթացքում։





























