Հայաստանում ներմարզային ուղեւորափոխադրումներն իրականացվում են միայն 5 մարզերում, քանի որ մնացյալում փաստացի ուղեւորահոսք չկա: Այս մասին մարտի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
Ընդ որում, փոխնախարարի հավաստիացմամբ, այս փոխադրումներն իրականացնող ամբողջ տրանսպորտը ախտահանվում է, իսկ ուղերթից առաջ չափվում է վարորդների ջերմությունը:
«Եթե նրանցից որեւէ մեկի մոտ բարձր ջերմություն է հայտնաբերվում, ուղերթի դուրս գալն արգելվում է: Այս վարորդներին խնդրում են տուն գնալ, ինքնամեկուսանալ եւ բժշկի դիմել»,- ընդգծեց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գործում է արտակարգ դրության ռեժիմ:





























