Պետությունը չի տեսնում չգրանցված աշխատակիցներին, քանի որ դեռեւս չկա բանաձեւ, որով հնարավոր կլիներ նրանց նույնականացնել: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ իշխանություններն այս խնդրին բախվեցին հակաճգնաժամային միջոցառումների քննարկման ակտիվ փուլի ամենասկզբում: «Եթե ընդունենք նույն մոտեցումները, որոնք կիրառվում են գրանցված աշխատակիցների նկատմամբ, ապա կսկսվի անվերահսկելի գործընթաց: Առայժմ դժվար է հայտնաբերել՝ ով է իրականում աշխատում, բայց գրանցված չէ, իսկ ով այդպիսին չէ: Հենց գտնվի նույնականացման տարբերակը, պետությունը համաչափ միջոցներ կձեռնարկի նրանց նկատմամբ»,- հավաստիացրեց պաշտոնյան:
Գրիգորյանը հիշեցրեց, որ այս ընթացքում ֆիզիկական անձանց գազի անջատումներ չեն լինի՝ կարծիք հայտնելով, որ այդպիսի մոտեցում պետք է կիրառվի նաեւ ձեռնարկությունների նկատմամբ: «Հնարավոր է, որ նրանք իրազեկումներ ստանան, սակայն կարծում եմ, որ իրական անջատումներ չեն լինի: Սակայն կոչ եմ անում այն քաղաքացիներին եւ տնտեսվարողներին, որոնք ի վիճակի են վճարելու կոմունալ ծառայությունների դիմաց, չօգտվեն ստեղծված իկրավիճակից այն նպատակի համար, որ ձգձգեն վճարումները»,- նշեց Մհեր Գրիգորյանը:




























