Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունն ապրիլի 24-ին ծաղկեպսակներ են դրել Կոմիտասի արձանին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական մայր եկեղեցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին մատուցվել է ռեքվիեմ-պատարագ, որից հետո հավաքի մասնակիցները Շանզ-Էլիզե պողոտայով երթ են կազմակերպել դեպի Հաղթանակի կամար, ուր տեղի է ունեցել Հիշատակի միջոցառում:

Արարողության մասնակիցները շարունակել են երթը եւ հավաքվել Շանզ-Էլիզե եւ Ժորժ 5-րդ պողոտաների անկյունում, ուր տեղի ունեցավ բազմահազարանոց հավաք` նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես եւ ի զորակցություն մայիսի 4-ին Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն դատապարտող օրինագծի ընդունման: Ելույթներ են ունեցել ֆրանսահայ գործիչներ, ֆրանսիացի պաշտոնյաներ, Մարսելի ու Կլամարի քաղաքապետները, մտավորականներ, Ֆրանսիայում գործող հրեական, հունական, կիպրական, ասորական համայնքների ներկայացուցիչներ, գերմանաբնակ թուրք լրագրող Ալի Էրթեմը:

Արդեն այսօր` ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարի դիմաց բացվել է «Ցեղասպանության ոգեկոչմանը եւ ժխտողականության մերժմանը» նվիրված խորագրով բացօթյա ցուցահանդեսը: Նույն օրը Փարիզի Աստվածամոր տաճարում ի հիշատակ 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի տրված պատարագին ներկա է եղել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել Մարսելում, Լիոնում, Վալանսում, Բորդոյում, Անտոնիում, Բանյոյում, Մեդոնում եւ այլ քաղաքներում: