Հայաստանում նախատեսվում է հիմնադրամ ստեղծել` լրացուցիչ մահճակալներ ձեռք բերելու համար: Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի` արագացված ռեժիմով քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Բացի այդ, ըստ նրա, պլանավորվում է լրացուցիչ մասնագետներ ներգրավել, ովքեր կվերապատրաստվեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար: «Մենք ընդամենը 1400 մահճակալ ունենք` կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկելու համար: Անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել` վարակիչ հիվանդությունների բուժման լիցենզիա չունեցող այլ բժշկական կազմակերպությունների մասնակցությունն ապահովելու համար, որպեսզի այդ բժշկական կազմակերպությունները հնարավորություն ունենան նորմալ բժշկական ծառայություններ տրամադրել հիվանդներին»,- պարզաբանեց Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ օրինագծերի այս փաթեթն միաձայն հաստատվել էր պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ` 115 կողմ ձայնով: Օրենսդրական նախաձեռնության համաձայն` ՀՀ կառավարության որոշմամբ այդպիսի հնարավորություն կստանան այն ընկերությունները եւ իրավաբանական անձինք, որոնք չունեն համապատասխան լիցենզիաներ` բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցելու համար: