Օրերս Հայաստան բերված ռուսական շարժական լաբորատորիան կորոնավիրուսի ախտորոշման մոտ 160 անալիզ է կատարել: Այս մասին ապրիլի 13-ին ճեպազրույցում հայտնեց Հայաստանի ԶՈՒ բուժվարչության պետ Սահակ Օհանյանը:

Նրա խոսքով՝ կան նաեւ դրական արդյունքներ, բայց դրանք բազմակի քիչ են, քան բացասականները: Լաբորատորիան ամբողջ ծավալով սկսել է աշխատել ապրիլի 9-ին: Ստեղծվել է հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբ՝ Հայաստանի ԶՈՒ մասնագետների ներգրավմամբ: Ռուս գործընկերների մոտ նախապատրաստություն անցնելով՝ հայ մասնագետները նախօրեին սկսել են ինքնուրույն աշխատել:

Հարցին՝ հայկական կողմն ինչո՞ւ չի դիմում «ամերիկյան լաբորատորիաներին», վարչության պետը նշեց, որ տեղեկությունը ճիշտ չէ, քանի որ հայկական կողմը դիմել է նշված լաբորատորիաներին, որտեղ անցկացվել է ընդհանուր ավելի քան 600 անալիզ: Սահակ Օհանյանը հավաստիացրեց, որ ԶՈՒ-ում իրավիճակը կորոնավիրուսի համաճարակի ենթատեքստում ընդհանուր առմամբ վերահսկվում է: