Հայաստանի իշխանությունները որոշել են սահմանափակվել միայն կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփումների եւ գտնվելու վայրի վերաբերյալ տվյալների հավաքագրմամբ: Այս մասին ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով կառավարության որոշումը երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին, ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ բջջային հավելվածների միջոցով լոկալիզացման հարցը բազմաթիվ շահարկումների առիթ է դարձել: «Մենք որոշեցինք, որ չենք հավաքագրի բոլոր տվյալները բոլոր օպերատորներից: Համակարգն աշխատում է միայն այն դեպքում, երբ քաղաքացու մոտ հաստատվում է վարակի առկայությունը: Միայն այդ մարդկանց տվյալներն են փոխանցվում ընդհանուր համակարգ»,- ասաց Ավինյանը:
Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանում գործող բջջային ցանցի երեք օպերատորների համար առանձին ծրագրեր են գրվել: Այսպիսով, ըստ պարետի, համակարգ միայն նվազագույն անհրաժեշտ տեղեկատվությունն է մտնում:




























