Երեխայի ծննդյան համար մայրության նպաստը պետք է վճարվի միանվագ տեսքով: Այս մասին ապրիլի 14-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկմանն ասաց օրինագծի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյան:

Պատգամավորը հայտնեց, որ երրորդ եւ չորրորդ երեխայի ծնվելուց հետո պետության կողմից ծնողներին 1 միլիոն դրամ է տրամադրվում, իսկ հինգերորդ երեխայի ծննդյան ժամանակ` 1.5 միլիոն դրամ:

Ընդ որում, նա շեշտեց, որ երբ երեխան դառնում է 1 տարեկան, այդ գումարի կեսը ծնողներին տրամադրվում է յուրաքանչյուր ամիս 50 հազար դրամի չափով: «2014-2019 թվականներին պետությունն ավելի քան 24 միլիարդ դրամ է հատկացրել, 2015-ին` 550 միլիոն դրամ, 2016-ին` 1.9 միլիարդ դրամ, 2017-ին` 3.6 միլիարդ դրամ, 2018-ին` 4.5 միլիարդ դրամ, 2019-ին` ավելի քան 9.1 միլիարդ դրամ: Հիմա խնդիրն այն է, որ մի քանի ամսվա ընթացքում այս գումարը ստանալով գլոբալ ծախսեր կատարել անհնար է: Մենք մտադիր ենք մնացած գումարը միանգամից տրամադրել, որպեսզի ծնողները կարողանան միանգամից հոգ տանել երեխայի ծախսերի մասին»,- պարզաբանեց Մելքումյանը: Խորհրդարանականը պարզաբանեց, որ կառավարությունը պետք է վստահի ծնողներին եւ չկասկածի նրանց հուսալիության հարցում` երեխայի շահերը պաշտպանելու առումով:

Նա նաեւ նշեց, որ ներկայիս ճգնաժամի պայմաններում այդ միջոցները ավելորդ չեն լինի նրանց համար: