The New York Times-ի թղթակիցը բացառիկ հնարավորություն է ստացել շփվել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի դստեր` 36-ամյա Աիշա Քադաֆիի հետ, ով իր շիկահերության ու գեղեցկության շնորհիվ ստացել է «Հյուսիսային Աֆրիկայի Կլաուդիա Շիֆեր» անվանումը:

Նա պատմել է, որ գիշերները սիրում է անդրշիրիմյան աշխարհի մասին հեքիաթ պատմել իր մանկահասակ երեք երեխաների համար: Այդ հեքիաթներն, Աիշայի խոսքով, հատկապես հիմա տեղին են: «Նրանց պետք է նախապատրաստել, որովհետեւ պատերազմի ժամանակ երբեք չգիտես, թե երբ քո վրա ռումբ կամ արկ կընկնի, որից հետո կգա քո վերջը»,- ասել է Քադաֆիի դուստրը:

Թերթի հոդվածում նշվում է, որ Քադաֆիի ընտանիքը գնալով ավելի ու ավելի է մեկուսացված ապրում եւ «ճակատագրապաշտորեն» է նայում իրավիճակին:

Քադաֆին` իր ընտանիքի հետ միասին թաքնվում է Տրիպոլիի իր նստավայրի տարածքում գտնվող բունկերում:

Աիշան միջազգային կազմակերպությունների հովանու ներքո «երկխոսության կոչ է անում», սակայն ոչ ապստամբների հետ, որոնք ահաբեկիչ է համարում, ովքեր կռվում են «ուղղակի պատերազմելու համար»:

Հարցին, թե ի՞նչ ձեւով կարող է Քադաֆիի ընտանիքը մնալ իշխանության, Աիշան պատասխանել է. «Մենք մեծ հույս ենք դնում Աստծո վրա»: Նա կարծիք է հայտնել, որ Քադաֆիի հեռանալուց հետո Լիբիայում քաոս է տիրելու, նկատի ունենալով, որ բազմաթիվ անօրինական միգրանտներ կմեկնեն Եվրոպա, Միջերկրական ծովի ափերին մահմեդական արմատականները բազաներ կստեղծեն եւ լիբիական ցեղերի միջեւ պատերազմ կսկսվի:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահին, Աիշան ասել է. «Օբաման դեռ ոչնչի չի հասել»: Իսկ Հիլարի Քլինթոնի մասին էլ նշել է. «Ինչո՞ւ, իմանալով, որ Ձեր ամուսինը Ձեզ դավաճանում է, չհեռացաք Սպիտակ տնից»:

Լրտավվամիջոցները նշում են, որ Քադաֆիի դուստը լուրջ պատճառ ունի չսիրելու Արեւմուտքին: 1986-ին ամերիկյան ռմբակոծություններից մեկի ժամանակ սպանվել է նրա կրտսեր քույրը` Հանանը: Ինքը Աիշան այդ ժամանակ եղել է քրոջ կողքին: «Ես արթնացա քրոջս գոռոցներից, ես ամբողջությամբ նրա արյան մեջ էի»,-ավելի ուշ հիշեր է նա: