Միջոցառումների 3-րդ փաթեթով աջակցություն ստացողների ցանկն ընդլայնվել է, եւ հիմա դրա շահառուներ կարող են դառնալ նաեւ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը վարկային եւ հարկային պարտավորություններ չեն ունեցել: Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը:

Նա հավելեց, որ եթե ըստ նախկին պահանջի՝ յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է քիչ լիներ տարեկան շրջանառության 10 տոկոսից, ապա հիմա այս ցուցանիշը կարող է լինել 70 տոկոսից ոչ ավելի: Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն իր հերթին ընդգծեց, որ ընդհանուր առմամբ առաջին միջոցառմամբ ստացվել է 200 դիմում, երկրորդով՝ 536, երրորդով՝ 700-ից ավելի դիմումից բավարարվել է 115-ը, հինգերորդով՝ 7500 շահառու արդեն փող է ստացել:

Էկոնոմիկայի մյուս փոխնախարար Վարոս Սիմոնյանը չբացառեց, որ մյուս շաբաթ կթույլատրեն տնտեսական գործունեության եւս մի քանի տեսակներ, սակայն ամեն ինչ կախված է համաճարակաբանական իրավիճակից: Նա հիշեցրեց, որ ապրիլի 13-ից թույլատրվել է ծխախոտի արտադրանքի արտադրությունը եւ շինարարական աշխատանքները՝ բացառությամբ այն աշխատանքների, որոնք ավարտական փուլում են, թույլատրված են նաեւ շինարարության հետ անմիջականորեն կապված գործունեության տեսակները:

«Շինանյութի արտադրությունը թույլատրվում է որոշ սահմանափակումներով: Միաժամանակ արդեն թույլատրվել է իրականացնել մետաղական կոնստրուկցիաների օգտագործմամբ կամ դրանց մասերի արտադրության տնտեսական գործունեություն»,- ամփոփեց Վարոս Սիմոնյանը: