Կենտրոնական բանկի քաղաքականությունն ուղղված է նրան, որպեսզի հաճախորդները որեւէ դժվարության չհանդիպեն վարկային պատմության եւ վարկային բեռի առումով: Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
«Մինչեւ կորոնավիրուսի բռնկումը լավ նախադրյալներ կային ֆինանսական համակարգի հետագա զարգացման համար: Մարտի ամսից, երբ պարզ դարձավ, որ վիրուսը կազդի տնտեսության վրա, Կենտրոնական բանկը քննարկումներ սկսեց, ինչից հետո առեւտրային բանկերը պատրաստակամություն հայտնեցին անհատական աշխատանք սկսել հաճախորդների հետ»,- ասաց նա:
Գրիգորյանը հավելեց, որ միեւնույն ժամանակ Կենտրոնական բանկը իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` ներկայիս պայմաններում տնտեսական աճը խթանելու նպատակով:
Ինչ վերաբերում է Fitch Ratings գործակալության կողմից Հայաստանի էմիտենտի դեֆոլտի վարկանիշի` «կայունից» «նեգատիվի» վերանայմանը, ապա, ըստ նրա, այս խնդիրը վերաբերում է ԱՊՀ բոլոր երկրներին:
«Գործակալությունը վերանայել է բազմաթիվ երկրների վարկանիշները: Դա նորմալ է` հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամը», - եզրափակեց նա:





























