Գերմանիայում ապրիլի 20-ից թույլատրվում է մինչեւ 800 քառակուսի մետր առեւտրային մակերես ունեցող խանութների աշխատանքը։ Այդ որոշումն ապրիլի 15-ին կայացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի 16 դաշնային հողերի վարչապետերի հետ միասին։ Բացվող բոլոր խանութները պետք է պահպանեն հիգիենայի պայմաններն ու թույլ չտան մարդկանց կուտակումներ ներսում։ Անկախ տարածքի չափից կարող են բացվել ավտոսրահները, գրախանութներն ու հեծանիվների խանութները, թույլատրվում է թանգարանների, գրադարանների եւ արխիվների, կենդանաբանական ու բուսաբանական այգիների աշխատանքը, հաղորդում է DW-ը։
Դա կարանտինի սահմանափակումների առաջին թուլացումն է Գերմանիայում։ Միեւնույն ժամանակ սոցիալական շփումների խիստ սահմանափակումների մեծամասնությունը, որոնք մտցվել էին մարտի 16-ին կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ եւ պետք է գործեին մինչեւ ապրիլի 19-ը, կպահպանվեն մինչեւ մայիսի 3-ը ներառյալ։ Բացի այդ, քաղացիներին խորհուրդ է տրվում կրել պաշտպանիչ դիմակներ հասարակական տրանսպորտում եւ խանութներ այցելելիս։ Սակայն դեռեւս փակ են լինելու սրճարանները, ռեստորաններն ու ակումբները, ինչպես նաեւ արգելվում են հավաքները եկեղեցիներում, մզկիթներում ու սինագոգներում։ Համերգներն ու այլ զանգվածային միջոցառումներն արգելված են մինչեւ օգոստոսի 31-ը։
Մայիսի 4-ից կարող են բացվել գեղեցկության սրահները, որոնք պետք է գործեն անհատական պաշտպանիչ միջոցներ կիրառելով։
Դպրոցներում դասերը կվերսկսվեն մայիսի 4-ից նախ ավարտական եւ կրտսեր դպրոցի վերջին դասարաններում։ Ապրիլի 29-ին կրթության նախարարությունը պետք է ներկայացնի դպրոցներում դասավանդումը վերսկսելու հայեցակարգը։
Մինչեւ մայիսի 4-ը Գերմանիայի հարեւան հինգ երկների սահմաններին անցուդարձը կշարունակի մնալ հսկողության տակ։ Այդ սահմանները կարող են հատել միայն այն բնակիչները, որոնք աշխատում են այդ երկրներում, ինչպես նաեւ բեռնատարների վարորդները։ Օդային հաղորդակցումը դեռեւս փակ է Իտալիայի եւ Իսպանիայի հետ։ Բաց է սահմանը Բելգիայի ու Նիդերլանդների հետ։





























