«Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարեւորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների եւ բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ եւ ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։

Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը,

Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնը,

Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը,

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը,

Արտաշատի բժշկական կենտրոնը,

Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը,

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը,

Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը,

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին եւ բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ «Վեոլիա Ջուր»-ը համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջեւ ծառացած լուրջ մարտահրավերը։

«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում եւ ծառայություններ մատուցել իր բազմահազար հաճախորդներին, ինչպես նաեւ կենսական կարեւորության կազմակերպություններին։