Գործազուրկ միայնակ մայրերը, որոնք մեկ կամ երկու անչափահաս երեխա ունեն, կարող են օգտվել կառավարության աջակցությունից: Այս մասին ապրիլի 16-ին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նրա խոսքով՝ նրանք կարող ենք 9-րդ ծրագրի շահառու դառնալ: 

«Բացի այդ, նրանք, ինչպես նաեւ այլ քաղաքացիներ կարող են փոխհատուցում ստանալ 11-րդ եւ 12-րդ փաթեթներով կոմունալ ծառայությունների վճարման համար»,- նշել է նա: Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ բոլոր փաթեթներով լուծվում են նաեւ տեխնիկական խնդիրները:

Նշենք, որ միջոցների 9-րդ փաթեթից կարող են օգտվել ընտանիքները, որոնք մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեն, իսկ նրանց ծնողները գրանցված աշխատողներ չեն: Ընտանիքը կդառնա այդ ծրագրի շահառու նաեւ այն դեպքում, եթե գրանցված աշխատող համարվող ծնողը մարտի 12-ի դրությամբ գտնվել է արձակուրդում մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար: