Չի կարելի բացառել, որ աջակցության միջոցառումներից կարող են օգտվել նաեւ նրանք, ովքեր իրականում ավելի քիչ օգնության կարիք ունեն, քան մյուսները։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ապրիլի 16-ին հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նրա խոսքերով՝ այսօրվա պայմաններում չի կարելի բացառել մարդկային գործոնը, օրինակ, եթե խոսքը պարենային աջակցության մասին է։ «Այդպիսի «խորամանկ» քաղաքացիների հայտնաբերման դեպքում որոշակի միջոցներ կձեռնարկվեն։ Ամեն դեպքում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որի ժամանակ մարդը իսկապես խոցելի է դարձել»,- նշեց նա։

Զարուհի Բաթոյանը պարզաբանեց, որ նախարարությունն այժմ զուգահեռ զբաղված է տվյալների բազայի համալրմամբ, որպեսզի կարելի լինի հասցեական եւ օպերատիվ օգնություն ցուցաբերել, ինչպես դա տեղի է ունենում սոցիալական նպաստներ ստացողների դեպքում։ «Բացառման մեթոդի կիրառումը քաղաքացիների որեւէ խմբի, նույն չգրանցված աշխատակիցների հանդեպ, կբերի նրան, որ կտուժի անհատական մոտեցման սկզբունքը»,- ամփոփեց նախարարը։