Վրաստանի կառավարությունը կարանտինային միջոցառումները խստացնելու եւ առաջիկա Զատկի տոներին ուղեւորատար ավտոմեքենաներով տեղաշարժը արգելելու որոշում է կայացրել։

Կառավարության որոշման համաձայն, ապրիլի 17-ի ժամը 12-ից մինչեւ ապրիլի 21-ը ներառյալ արգելվում է ուղեւորատար ավտոմեքենաներով տեղաշարժը Վրաստանի ողջ տարածքում։ Այս մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել է կառավարության մամուլի քարտուղար Իրակլի Չիկովանին, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Այս սահմանափակումը չի վերաբերում բառնափոխադրումներին, ինչպես նաեւ առեւտրի օբյեկտների ապահովման ծառայություններին։ Դեղատները եւ մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով, նշել է Չիկովանին։

Բացի այդ, ապրիլի 17-ից բոլոր քաղաքացիների համար պարտադիր կդառնա պաշտպանական դիմակների օգտագործումը փակ տարածքներում։ Այս կանոնի կատարման պատասխանատվությունը կկրեն իրավաբանական անձինք։

Չիկովանին ընդգծել է, որ Վրաստանում այսօր արդեն գրանցված է վարակման 348 դեպք։ Ընդ որում, երկու անգամ գրանցվել են, այսպես կոչված, թռիչքներ, երբ մեկ օրվա ընթացքում 30 վարակված է հայտնաբերվել։

Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 140 դեպք, ինչը վկայում է վիրուսի ակտիվ ներքին փոխանցման մասին, նշել է Չիկովանին՝ բացատրելով կարանտինային միջոցառումները խստացնելու կառավարության որոշումը։