Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան կոչ է արել կառավարություններին եւ մասնավոր հատվածին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեւավորվող շուկաները եւ զարգացող երկրները հաղթահարեն առողջության եւ տնտեսության ոլորտում կորոնավիրուսային համավարակի հետեւանքները, հայտնում է Reuters- ը:

Չորեքշաբթի օրը Գեորգիեւան ողջունել է G20-ի եւ Փարիզի վարկատուների ակումբի որոշումը` աղքատ երկրների համար պարտքերի մարման վճարումները ժամանակավորապես դադարեցնելու մասին, եւ ասել է, որ ԱՄՀ գործադիր կոմիտեն միաձայն կոչ է անում մասնավոր հատվածի վարկատուներին աջակցել այս նախաձեռնությանը` սնանկացումից խուսափելու համար:

Ելույթ ունենալով տեսակոնֆերանսում՝ Գեորգիեւան նշել է, որ ԱՄՀ-ն եւ Համաշխարհային բանկը ուսումնասիրում են մեծ պարտքեր ունեցող մյուս երկրների բեռը թեթեւացնելու ուղիները: Նա հավելել է, որ չափազանց կարեւոր է կանգնեցնել զարգացող երկրներից կապիտալի լայնամասշտաբ արտահոսքը: