Հանրային սննդի ոլորտում սպառման մակարդակը կնվազի առնվազն 30 տոկոսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը:
«Շուկայի այն մասը, որը զբաղվում է առաքմամբ, ինչ-որ չափով լուծում է առաջացած խնդիրը, բայց դա վերաբերում է միայն խոշոր եւ հայտնի ապրանքանիշերին: Բացի այդ, միայն առաքումը չի կարող ապահովել այն շրջանառությունը, որ եղել է սահմանափակումների ներդրումից առաջ: Եթե կորոնավիրուսի տարածման ռիսկերը շարունակվեն եւ ռեժիմը երկարաձգվի, ապա նույնիսկ եթե թույլտվություն տրվի սրճարանների եւ ռեստորանների գործունեության մասնակի վերականգնման համար, դա դեռ ցանկալի էֆեկտ չի ապահովի: Դրա համար անհրաժեշտ է գործունեության լիարժեք թույլտվություն»,- ընդգծել է նա:
Ըստ նրա` ոլորտի կրած կորուստները մարտին, ապրիլին եւ չի բացառվում, որ նաեւ մայիսին, հնարավոր է, կվերականգնվեն ամբողջ հաջորդ տարվա ընթացքում: «Դա պայմանավորված է նրանով, որ սահմանափակումների վերացման դեպքում ոլորտը չի ունենա նախկին ծավալները, ինչը կապված կլինի շրջանառության անկման հետ, քանի որ մարդիկ կխուսափեն ավելորդ ծախսերից: Հնարավոր է, որ առաջատար ռեստորանները պայմանները վերանայելու կոչով միասին դիմեն վարձակալած տարածքների սեփականատերերին` հաշվի առնելով շուկայում սպասվող փոփոխությունները»,- նշել է փորձագետը:
Աշոտ Բարսեղյանը պարզաբանել է, որ Հայաստանում վաճառքը հիմնականում կենտրոնացած է ներքին սպառողի վրա, հետեւաբար, ի տարբերություն Վրաստանի, որտեղ ռեստորաններն ու սրճարաններն ավելի շատ կախված են զբոսաշրջիկներից, հայկական բիզնեսի համար համեմատաբար ավելի հեշտ կլինի վերականգնվել եւ հետեւանքներն այդքան էլ լուրջ չեն լինի:
«Ամեն դեպքում, բիզնեսի որոշակի հատված կարող է փակվել նաեւ մեզ մոտ, հատկապես, եթե խոսքը պակաս մրցակցային նախագծերի մասին է: Չի բացառվում է, որ աշխատավարձերը կկրճատվեն, սակայն, ամենայն հավանականությամբ, զանգվածային անկում չի լինի: Այն ռեստորաններում եւ սրճարաններում, որոնք բացվել էին «սպորտային հետաքրքրության» համար, կարող են կրճատումներ լինել, իսկ, ահա, իրական հատվածում, հավանաբար, դա տեղի չի ունենա: Այսօր երկրում կա 2000-2200 մշտական գործող սննդի օբյեկտ, որից 400-500-ը դասական ռեստորաններ են: Ոլորտում 30 հազար մարդ է աշխատում»,- նշեց փորձագետը:
Աշոտ Բարսեղյանը հայտարարել է, որ ոլորտի ներկայացուցիչները դիմում են կառավարության կողմից առաջարկվող աջակցության միջոցառումներին, սակայն իշխանությունները հաշվի չեն առել, որ այս ոլորտում եռամսյակային շրջանառությունը սեզոնից է կախված: «Դրա հիման վրա շատերին մերժում են: Հետեւաբար, մենք առաջարկում ենք վերանայել այս կետը»,- եզրափակել է փորձագետը:
Նշենք, որ փոքր եւ միջին ընկերությունները, այդ թվում՝ տուրիզմի ոլորտում, որոնք գործում են մեկ տարուց ավելի եւ որոնց շրջանառությունը 2019 թվականին 24-500 մլն դրամ է կազմել, կարող են վարկ ստանալու հայտ ներկայացնել: Վարկերը տրամադրվում են 36 ամսով, առաջին 2 տարին լինելու է անտոկոս: 25-36-րդ ամիսներին գործելու է 12 տոկոս տոկոսադրույքը, վարկառուները հնարավորություն կունենան առաջին 6 ամվա վարկերը չմարել: Եթե վարկառուն վարկը ժամկետից վաղ մարի, ապա ստիպված չի լինի երրորդ տարվա տոկոսները վճարել:
Նշենք նաեւ, որ, եթե նախորդ պահանջի համաձայն, յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է տարեկան շրջանառության 10 տոկոսից ցածր լիներ, ապա այժմ այդ ցուցանիշը կարող է լինել 70 տոկոսից ոչ ավել:





























