Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ապրիլի 16-ին կառավարության արտահերթ օպերատիվ նիստ է անցկացրել, որի ժամանակ քննարկման գլխավոր թեման եղել է կորոնավիրուսի համավարակը եւ դրա հետեւանքները երկրի վրա, հայտնում է «Ասիա պլյուս»-ը։
Կորոնավիրուսով բնակչության վարակումը կանխելու սանիտարահիգիենիկ միջոցառումների ձեռնարկում, երկրի տնտեսության վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության նվազեցում, պարենային անվտանգության ապահովում, սննդամթերքի արտադրություն, այդ թվում երկրում յուրաքանչյուր ընտանիքի համար երկու տարվա սննդամթերքի պահուստավորում՝ ահա այն արդիական թեմաների ցանկը, որոնք քննարկվել են կառավարության կողմից, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նախագահը հանձնարարել է որոշակի միջոցառումներ ձեռնարկել ազգային տնտեսության համակարգված գործունեությունն ապահովելու նպատակով սոցիալ-տնտեսական ոլորտներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին, բնակչության որոշակի հատվածներին եւ տնտեսության խոցելի հատվածներին աջակցելու համար վարկային եւ հարկային արտոնությունների ներդրմանը նպաստելու համար:
Ինչպես նաեւ պետական իշխանության կենտրոնական եւ տեղական մարմինների ղեկավարներին հանձնարարվել է արդյունավետորեն օգտագործել ռեսուրսներն ու հնարավորությունները՝ կանխելու համար կորոնավիրուսային համաճարակը, եւ ընդլայնել բնակչության շրջանում իրազեկության մակարդակը՝ իրենց տները մաքուր պահելու եւ անձնական հիգիենայի կանոնները պահպանելու վերաբերյալ:
Մարզերի, քաղաքների եւ շրջանների ղեկավարները պարտավոր են բացատրական աշխատանքներ տանել հասարակական տնտեսությունների եւ բնակչության հետ` մշակաբույսերը, մասնավորապես բանջարեղենն ու սեխը ժամանակին ցանելու, երեք-չորս բերք ստանալու, յուրաքանչյուր ընտանիքի համար երկու տարվա սնունդ պահուստավորելու, ջերմոցներ ստեղծելու վերաբերյալ, մասնավորապես, նախագահական հողերում եւ նույնիսկ տնամերձ հողամասերում:
Կառավարությանը հանձնարարվել է օպերատիվ կերպով արդյունավետ համագործակցություն հաստատել շահագրգիռ երկրների ղեկավարների հետ` տեղական արտադրության մրգեր եւ բանջարեղեն արտահանելու եւ Տաջիկստան առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրելու հնարավորությունների վերաբերյալ:





























