«Բարգավաճ Հայաստանը» կառավարությանը կորոնավիրուսի հետեւանքները վերացնելու հարցով տնտեսական եւ սոցիալական միջոցների 3 փաթեթ է ներկայացրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ առաջին փաթեթը նախատեսված է քաղաքացիների աջակցության համար, որոնք աշխատում են օրավարձով: «Երկրորդ փաթեթը նախատեսված է տաքսու վարորդների համար, իսկ երրորդով մենք առաջարկում ենք աջակցություն ցուցաբերել տարեցներին, հաշմանդամներին եւ բազմազավակ ընտանիքներին, որոնք միայն նպաստ կամ թոշակ են ստանում»,-ասաց Մելքումյանը:
Իր հերթին, «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ պետք է նվազեցնել ուսանողների ուսումնավճարները առնվազն 25 տոկոսով: «Շուտով մեր կուսակցությունը գրավոր առաջարկ կներկայացնի կառավարությանը»,-ասաց Զոհրաբյանը:
Բացի այդ, պատգամավորն իշխանություններին կոչ արեց լուծել մարդկանց աջակցության հարցը, որոնք պաշտոնապես գրանցված աշխատող չեն եւ աշխատում են օրավարձով: Նրա խոսքով՝ այդ մարդիկ ծանր վիճակում են:




























