Մինչ հիմա Հայաստանի 100-150 պրոֆեսիոնալ զբոսավարները որեւէ պետական աջակցություն չեն ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպության խորհրդի փոխնախագահ Լիա Բախշինյանը:
Ըստ նրա` զբոսավարները, հավանաբար, կարող են օգնություն ստանալ ամսական 30 հազար դրամի չափով, ինչը գործնականում որեւէ սոցիալական խնդիր չի լուծելու, բայց դա էլ դեռ չկա: «Մեզ ասացին լրացնել հայտերը միջոցառումների ութերորդ փաթեթի համար: Բայդ այդ փաթեթով առնվազն 8 զբոսավարի արդեն մերժել են, իսկ մնացածները դեռ պատասխաններ չեն ստացել: Խնայված գումարներն արդեն սպառվում են, եւ մարդիկ չգիտեն, թե ինչ կլինի հետո: Եթե այսպես շարունակվի, ապա որոշ պրոֆեսիոնալ զբոսավարներ կարող են փոխել իրենց գործունեությունը, ինչը հետագայում կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ Հայաստանում զբոսաշրջային ծառայությունների որակի վրա», - նշեց նա:
Բախշինյանն ընդգծեց, որ ներքին սպառողը շատ քիչ է դիմում զբոսավարներին, հիմնականում դրանք խմբերն են կրթական հաստատություններից: «Սա պահանջարկի մեկ տոկոսից էլ քիչ է, բայց եթե ներքին զբոսաշրջության ակտիվացման ծրագրեր ընդունվեն, ապա ոզբոսավարները պատրաստ են ծառայություններ մատուցել նաեւ այ զբոսաշրջիկներին: Մենք դիմելու ենք Զբոսաշրջության Հայաստանի ֆեդերացիային` կառավարության առջեւ զբոսավարների ներգրավմամբ ներքին զբոսաշրջության զարգացման համակարգված նախագծերի մշակման հարցը բարձրացնելու համար»,- ասաց ՀԿ ղեկավարը:
Լիա Բախշինյանը նաեւ նկատեց, որ վերջին տարիներին հայ զբոսավարների պահանջարկն ավելացել է Գերմանիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից զբոսաշրջիկների համար, ավելացել է նաեւ Ռուսաստանից զբոսաշրջիկների դիմումների քանակը, բայց, ամենայն հավանականությամբ, կկրճատվի ինչպես զբոսաշրջիկների քանակը, այնպես էլ նրանց գնողունակությունը: «Առաջիկա երկու տարին ամենաբարդը կլինի զբոսավարների համար: Սեպտեմբերին զբոսաշրջիկներ, ամենայն հավանականությամբ, չեն լինի, ուստի ամբողջ հույսն այն է, որ հոսքը կարող է սկսվել գոնե հաջորդ տարվա կեսից»,- եզրափակեց Լիա Բախշինյանը:




























