Պարետի պահանջների մի մասը հնարավոր չէ կատարել, օրինակ` սահմանված 2 մետր սոցիալական հեռավորությունը, իսկ որոշման անհեթեթությունն այն է, որ եթե գործարանը պետք է ինքնուրույն իր ավտոբուսներով տեղափոխի աշխատակիցներին, ապա նույնիսկ այդ դեպքում նրանք մոտ են նստելու միմյանց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի «Գլորիա» կարի գործարանի հիմնադիր տնօրեն Բագրատիոն Դարբինյանը:

Նա պարզաբանեց, որ սոցիալական հեռավորության պահպանման, 10 լվացարանի առկայության եւ տարածքի պարբերաբար ախտահանման պահանջների կատարումը վերաբերում է գործարանի գործարկման պահից հետո ժամանակաշրջանին, բայց եթե ձեռնարկությունը չի աշխատում, ապա ինչպես վերահսկողություն իրականացնել: «Բացի այդ, մինչեւ կարանտինային ռեժիմի ներդրումն աշխատակիցներն աշխատում էին` հետեւելով պահանջներին»,- հավելեց Դարբինյանը:

Տնօրենը հույս հայտնեց, որ պարետի այսօրվա որոշման համաձայն՝ ոլորտի գործունեությունը կթույլատրվի, այլապես ձեռնարկությանը ոչ պայծառ ապագա է սպասվում: «Արդեն հիմա նկատելի են առաջին դժվարությունները, քանի որ մեր գլխավոր պատվիրատուի ներկայացուցիչներն ասում են, որ եթե ֆաբրիկան չաշխատի, իրենք պատրաստ են իրենց տեխնոլոգներին հետ կանչել»,-պարզաբանեց տնօրենը:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները մտել են գործարանի տարածք՝ պահանջելով սկսել աշխատանքը: Ոստիկանների ժամանման պես որոշ աշխատակիցներ բերման են ենթարկվել: