Միջոցառումների 3-րդ փաթեթով հաստատվել է 5,2 մլրդ դրամի չափով 1200 հայտերից 461 հայտ, մոտ 350 հայտ մերժվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:
Նրա խոսքով՝ հիմնականում մերժվել են վարկային վատ պատմություն ունեցողները: «Ամենից շատ հայտեր ենք ստանում հետեւյալ ոլորտներից՝ վերամշակող արդյունաբերություն, հանրային սնունդ, զբոսաշրջություն: Հայտերի ներկայացման վերջնաժամկետ չկա»,-նշեց փոխնախարարը:
Նա հավելեց, որ նրանց տվյալները, ովքեր դիմել են նախկին պահանջներով եւ մերժվել, կրկին կստուգվեն: «Եթե այդ հայտերը համապատասխանեն թարմացված պահանջներին, ապա մենք կապ կհաստատենք շահառուների հետ: Սակայն անհրաժեշտության դեպքում տնտեսվարող սուբյեկտները կարող են զանգել 8105 համարին եւ իմանալ մանրամասները»,-նշեց Մարգարյանը:
Նա հիշեցրեց, որ 3-րդ միջոցառման շրջանակում ընկերությունները, որոնք գործում են ավելի քան 1 տարի եւ որոնց շրջանառությունը 2019-ին կազմել է 24-500 մլն դրամ, կարող են 36 ամսով վարկ ստանալու հայտ ներկայացնել:
«Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր եռամսյակում շրջանառությունը չպետք է գերազանցի ընդհանուր շրջանառության 70 տոկոսը: 3-րդ տարվանից կգործի 12 տոկոս տոկոսադրույթ, իսկ փոխառուները հնարավորություն կունենան վարկը մարել առաջին 6 ամսվա ընթացքում: Վարկի վաղաժամ մարման դեպքում երրորդ տարվանից հաշվարկված տոկոսները վճարել պետք չէ: Կարող են դիմել նաեւ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք չեն ունեցել հարկային պարտավորություններ մինչեւ դեկտեմբերի 31-ը: Այդ միջոցները կարող են օգտագործվել աշխատավարձի հաշվարկի համար, հարկերի վճարման համար: Շահառուներ կարող են դառնալ զբոսաշրջային ոլորտը, հասարակական սննդի օբյեկտները, վերամշակող ոլորտը, առողջապահության, տրանսպորտի, սպորտի, ժամանցի ոլորտներում զբաղվող ընկերությունները»,-հիշեցրեց փոխնախարարը:




























