Մոտ 30 հայ փորձագետների այսօր` ապրիլի 29-ին հավաստագրեր են շնորհվել «Կենսաթոշակային համակարգի նոր վիճակագրական մոդել» թեմայով վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:
Դասընթացը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի շրջանակում:
Դասընթացների նպատակն էր զարգացնել մասնակիցների հմտությունները կենսաթոշակային համակարգի վիճակագրական նոր մոդելը կիրառելու ուղղությամբ՝ փոխանցելով միջազգային փորձագետների կուտակած փորձը։
Ընդհանուր առմամբ «Կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի» իրականացման համար ԱՄՆ ՄԶԳ-ն երեք տարում հատկացրել է 5,4 մլն դոլար։
Նշենք, որ 2010թ. տարեվերջին` դեկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային Ժողովն ամբողջությամբ ընդունեց կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող օրենքների փաթեթը։
Արդյունքում Հայաստանում սկսած 2014 թվականից գործելու է որակապես միանգամայն նոր կենսաթոշակային համակարգ, որը բաշխողական համակարգից բացի ունենալու է նաեւ պարտադիր կուտակային բաղադրիչ, իսկ կամավոր կուտակային բաղադրիչը գործելու է սկսած 2011թ. հունվարի 1-ից:
Նոր կենսաթոշակային համակարգը էապես նպաստելու է ապագա կենսաթոշակառուների կենսամակարդակի բարձրացմանը, որն էլ հանդիսանում է ՀՀ կառավարության հիմնական ռազմավարական խնդիրներից մեկը:





























