Այս օրերին մարդկանց մոտ ծագել են հարցեր, որոնց պատասխանները դեռեւս ստացված չեն։ Արդեն երկրորդ ամիսն է մարդիկ ստիպված են մնալ տանը համավարակի պայմաններում, սակայն դրա հետ մեկտեղ, նրանց մեծամասնությունը հեռավար աշխատելու հնարավորություն չունի։ Այս մասին Հայաստանի ԱԺ արտահերթ նիստում «2020թ․ պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Արման Աբովյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանում մարդկանց 90%-ը աշխատանքի բնույթի պատճառով չի կարող հեռավար աշխատել։
«Ի՞նչ անեն նրանք։ Տվյալ դեպքում պետք է ստույգ հասկանալ, այո, պետությունը պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի ապահովի իր քաղաքացիներին, այլ տարբերակներ չկան։ Մարդիկ երկու ամիս չեն աշխատել, իսկ կոմունալ վճարները չկատարելու համար նրանց լույսն ու գազը անջատում են։ Կան տարբեր վարկածներ, որ անբարեխիղճ քաղաքացիները, որոնք ունեն հնարավորություն, չեն կատարում կոմունալ վճարումները, սակայն մարդկանց հիմնական մասն այդ կարգին չի պատկանում»,- նկատեց Աբովյանը։
Նա նաեւ կարծում է, որ չի կարելի մարդկանց թողնել դեմ առ դեմ այդ խնդրի հետ։
«Չի կարելի գնալ արմատական քայլերի, անջատել էլեկտրականությունն ու գազը։ Կան մարդիկ, որոնք նույնիսկ հացի փող չունեն»,- պարզաբանեց խորհրդարանականը։





























