Ընտանիքներից շատերը դժվար ընտրության առաջ են հայտնվել՝ վճարել կոմունալ ծառայությունների հաշիվնե՞րը, թե՞ փող տնտեսել սննդամթերք գնելու համար: Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը (պարզ ասած՝ կարանտինը) մտցվել է մարտի 16-ից: Այսինքն՝ այս ամսվա առաջին կեսն անցել է առանց կարանտինի: Սակայն սահմանափակումների պայմաններում մնացած 1,5 տասնյակ օրերը հասցրել են անդրադառնալ երկրի տնտեսության վրա: Այդ թվում՝ առեւտրի:

Մեծ թվով երկրներում համավարակը հարուցել է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սպիրտ պարունակող ախտահանման հեղուկների, զուգարանի թղթի, անձեռոցիկի եւ այլ ապրանքների իրարանցումային (անգամ խուճապային) պահանջարկ: Այս իմաստով մեր երկիրը բացառություն չդարձավ: Քաղաքացիները սկսեցին խանութների վաճառադարակները դատարկել վերեւում նշված ապրանքներից, այդ թվում՝ սննդամթերքից: Թվում էր, թե այս տեղատարափային պահանջարկը կարող է հանգեցնել մանրածախ առեւտրաշրջանառության ծավալի աճի: Սակայն ստացվեց այլ կերպ: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա մարտի նախնական տվյալները: Հաշվետվության մեջ ներկայացված է, այսպես կոչված, «առեւտրի շրջանառությունը», որում վիճակագրությունը, մանրածախ առեւտրից բացի, ներառում է նաեւ մեծածախի եւ ավտոմեքենաների վաճառքի շրջանառությունը: 

Այս տեղեկատվության համաձայն՝ հաշվետու ամսում, անցյալ տարվա մարտի համեմատությամբ, առեւտրի շրջանառության ֆիզիկական ծավալը գրեթե 10 տոկոսով կրճատվել է: Այսինքն՝ մեկ տասներորդ մասով անկում է եղել: Նույն պաշտոնական տվյալներով՝ մարտին, փետրվարի համեմատությամբ, ինֆլյացիան կազմել է ընդամենը 0,5 տոկոս: Սակայն իրականում շատ սննդամթերքներ նկատելիորեն թանկացել են: Քանի որ մեր առեւտրականները չհապաղեցին իրարանցումից օգտվել մի շարք ապրանքների գների բարձրացման համար: Մինչդեռ շատ ընտանիքների եկամուտները կրճատվել են (աշխատանքային հարկադիր պարապուրդի, ինչպես նաեւ արտասահմանից տրանսֆերտների ներհոսքի անկման պատճառով), ինչի հետեւանքով նրանց գնողունակությունը զգալիորեն նվազել է: Այս ծանր պայմաններում բավականին «օրիգինալ» հնչեցին բնակչությանն ուղղված համառ պահանջները կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու մասին:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ ապրիլին մանրածախ առեւտրի վնասը արդեն բազմակի մեծ կլինի, քան մարտին: Դե, իսկ ընտանիքները, որոնց մոտ փող գրեթե չի մնացել, ստիպված կլինեն ընտրություն կատարել՝ վճարել կոմունալ ծառայությունների՞ հաշիվներով, թե՞ միջոցներ տնտեսել անհրաժեշտ սննդամթերք գնելու համար: