Հայաստանի կառավարությունը առաջարկում է հստակեցնել պարետի եւ պարետատան դերն ու կարգավիճակը, ինչպես նաեւ նրա կողմից ընդունվող որոշումների եւ ակտերի բնույթը։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրեսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։ Նրա խոսքերով՝ որոշվել է, որ արտակարգ դրության հայտարարման դեպքում վարչապետը եւ փոխվարչապետը կկարողանան իրականացնել պարետի գործառույթները։ «Օրենսդրական փաթեթով հաստատվել է, որ իր իրավասությունների իրականացման ժամանակ պարետը կարող է ընդունել ակտեր, որպես համապատասխանաբար վարչապետի եւ փոխվարչապետի կողմից ընդունված ակտ, ներառյալ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը»,- պարզաբանեց Գրիգորյանը։
Պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամների առաջարկությունների հիման վրա որոշվեց գրանցել, որ պարետատունը պետք է հաստատվի կառավարության որոշմամբ, իսկ պարետը կարող է, անհրաժեշտության դեպքում, հաստատել աշխատանքի կարգը արտակարգ դրության պայմաններում։ Օրենսդրական նախաձեռնությամբ նաեւ նախատեսվում է քաղաքացիների անձնական ազատության իրավունքի սահմանափակում՝ համավարակի պատճառով արտակարգ դրության ռեժիմի դեպքում՝ դրա հետագա տարածումը կանխելու նպատակով։ «Որոշվել է, որ անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել իշխանության այն մարմինների գրավոր կամ բանավոր հրահանգներով, որոնք մասնակցում են արտակարգ դրության պայմաններում ընդունված միջոցառումների իրականացմանը»,- պարզաբանեց փոխնախարարը։





























