Արտակարգ դրության ժամանակ պարետի իրավունքների եւ լիազորությունների փոփոխությունների ու լրացումների կառավարության կողմից առաջարկված փաթեթը կասկածի տակ չի դնում արտակարգ դրության սահմանափակումները խախտողների հանդեպ վարչական տույժերի օրինականությունը:
Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը՝ պատախանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։ Փոխնախարարի հավաստիացմամբ՝ ոչ մի անօրինական նորմ այս ընթացքում չի ընդունվել։ «Սահմանադրությունը նախատեսում է ակտերի ընդունման հնարավորություն, եւ այդ դեպքում օրենսդրական դրույթները պարզապես հստակեցվում են»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ազատ տեղաշարժի սահմանափակումները նախատեսված են կառավարության որոշմամբ, իսկ վարչական արձանագրություններն ու տուգանքները նախատեսված են Վարչական իրավախախտումների օրենսգրքով, որն ընդունվել է խորհրդարանի կողմից:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել: Միեւնույն ժամանակ, ազատ տեղաշարժի եւ մարտի 24-ին ներդրված տնտեսական գործունեության որոշակի տեսակների սահմանափակումները գործում էին մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ: Միաժամանակ, ապրիլի 13-ին կառավարությունը արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել է եւս մեկ ամսով`մինչեւ 2020 թվականի մայիսի 14-ի ժամը 17։00-ն ներառյալ:





























