Կառավարության աջակցության  միջոցառումների չորրորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ եւ տասներեքերորդ փաթեթներով, որոնք վերաբերում են սոցիալական բլոկին, 286 հազար շահառուի ընդհանուր 12 միլիարդ դրամ է հատկացվել, եւ սա` չհաշված կոմունալ վճարների փոխհատուցումը: Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նրա խոսքով` խնդիրներ են առաջացել, երբ քաղաքացիները, շահառուներ լինելով, չեն կարողացել փոխհատուցում ստանալ, քանի որ սխալ է նշվել նրանց տնտեսական գործունեության տեսակը: «Մայիսի 5-ից հնարավորություն կտրվի շտկել այս անճշտությունը, կրկին դիմել եւ գումար ստանալ: Նախ պետք է առցանց դիմում ներկայացնել, այնուհետեւ SMS ստանալ, ապա բանկ այցելել»,- ասաց նա:

Նախարարը հավելել է, որ միջոցառումների իններորդ փաթեթով պարզեցվել է հայտեր ներկայացնելու գործընթացը: «Մինչ օրս միջոցառումների այս փաթեթով ավելի քան 130 հազար ընտանիք արդեն օգնություն է ստացել, եւ նույնքան շահառու դեռ գումար չի ստացել: Դիմումների ներկայացման համակարգը պարզեցվել է, եւ խնդիրներ չպետք է առաջանան»,- եզրափակեց Զարուհի Բաթոյանը: