Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների 15-րդ փաթեթի շրջանակներում 10-15 օրվա ընթացքում 1000 ժամանակավոր աշխատատեղ կստեղծվի` օրական նվազագույն 10 հազար դրամ աշխատավարձով` հիմք ընդունելով այն հաշվարկը, որ օրական 200 ծառ կարելի է տնկել: Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով NEWS.am-ի թղթակիցի հարցին, ասաց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը:

Ըստ նրա` միջոցառումների փաթեթը կիրականացվի Սյունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում: «Աշխատատեղերի վերջնական քանակը կախված կլինի մասնակցել ցանկացող քաղաքացիների թվից: Աշխատանքները համակարգող բոլոր երեք կազմակերպությունները լրացուցիչ հայտարարություններով հանդես կգան, եւ համայնքներում մարդիկ կկարողանան գնալ եւ աշխատանքի ընդունվել: Հատուկ գիտելիք եւ հմտություններ պետք չեն. միայն ցանկություն եւ պինդ առողջություն է հարկավոր`  հաշվի առնելով, որ աշխատանքները բարձր լեռներում են ընթանալու»,- ասաց նա:

Մելիքյանը հավելեց, որ այն ծառատեսակները, որոնք նախատեսվում է տնկել, երկարաժամկետ հեռանկարում նաեւ որպես հումք են ծառայելու բնապահպանական վառելիքի համար:

Պատասխանելով օգտագործված բժշկական պարագաների տեսքով թափոնների մասին դիտարկմանը` պաշտոնյան պարզաբանեց, որ այդ հարցը քննարկվում է թափոնների կառավարման ընդհանուր խնդրի շրջանակներում: «Այստեղ նշանակալի դեր են խաղում տեղական ինքնակառավարման մարմինները եւ երկրի տեսչական մարմինները»,- եզրափակեց նա: