Լաբորատոր ցանցերի ընդլայնման շնորհիվ այսօր հնարավոր է օրական կորոնավիրուսի ախտորոշման 1000 թեստ անցկացնել: Այս մասին մայիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Ըստ նրա` ամեն ինչ արվում է թեստավորման խմբերի ավելացման ուղղությամբ, որոնց մեջ արդեն բժիշկներ եւ թոքաբորբով հիվանդներ են մտնում:
«Բացի այդ, աշխատանքները շարունակվում են թեստի դրական արդյունքներով քաղաքացիների մեկուսացման ուղղությամբ»,- ասաց նա: Պաշտոնյան հավելեց, որ տնտեսական գործունեության սահմանափակումների վերացումից հետո անհրաժեշտ է պահպանել անվտանգության բոլոր նորմերը, այդ թվում նաեւ` սոցիալական հեռավորություն պահպանել, հետեւել հիգիենայի նորմերին եւ այլն, քանի որ հակառակ դեպքում տարածման դանդաղ տեմպերը պահպանել հնարավոր չի լինի:
«Չի կարելի հստակ ասել, թե ինչպիսին կլինեն աճի տեմպերը սահմանափակումների վերացումից հետո, սակայն ռիսկերը պետք է կրճատել: Սրանով էլ պայմանավորված է անվտանգության նորմերին համապատասխանության խստագույն վերահսկողություն սահմանելու որոշումը»,- եզրափակեց Լենա Նանուշյանը:



























