ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել նրա առանձնատանը հայտնաբերված «ՈՒԱԶ» մակնիշի տասը մեքենաները «Երկրապահ կամավորականների միությանը» հանձնելու դատարանի որոշումը:

NEWS.am-ը Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դատարանը քննության առնելով բողոքը, գտել է, որ բողոքարկված դատական ակտը արձանագրային որոշում է, որը, սակայն, Քրեական դատավարության կարգավորումների համաձայն, բողոքարկման ենթակա չէ: Այդպիսով, ապրիլի 29-ին դատարանը որոշել է պաշտպանի վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: