Գիտնականների միջազգային խումբը Միջերկրական ծովի հատակին՝ Կորսիկայի եւ Իտալիայի միջեւ հայտնաբերել է միկրոպլաստիկի մասնիկների խոշորագույն կուտակում: Նստվածքների վերին շերտում մեկ քառակուսի մետրի վրա պարունակվում է 1,9 մլն պլաստիկե մասնիկ, հայտնում է Science-ը:
Սա դիտարկումների ամբողջ ընթացքում ամբողջ համաշխարհաին օվկիանոսում միկրոպլաստիկի (1 մմ-ից փոքր չափով) խտության ամենաբարձր ցուցանիշն է:
Մանչեսթերի համալսարանից (Մեծ Բրիտանիա) Յան Քեյնը եւ նրա գործընկերները, Կորսիկայի եւ Իտալիայի միջեւ ծովի հատակի տարբեր կետերի, այսպես կոչված, դրեյֆող նստվածքներն ուսումնասիրելով՝ ստացած արդյունքից ցնցված էին: «Որոշ դեպքերում նստվածքի 50 գրամում կար 190 մասնիկ. սա համապատասխանում է ծովի հատակի մեկ քառակուսի մետրի վրա 1,9 մլն միկրոպլաստիկի պարունակությանը: Սա 2 անգամ գերազանցում է ամենաբարձր նիշերը, որ երբեւէ գտնվել են, անգամ խորջրյա կանյոններում»:
Պլաստիկի այս կտորներն, ամենայն հավանականությամբ, սինթետիկ գործվածքների մանրաթելեր էին, ինչպես նաեւ ավելի խոշոր պլաստիկե իրերի կտորներ, որոնք ժամանակի ընթացքում քայքայվել են:
Գիտնականների կարծիքով՝ միկրոպլաստիկի միայն մոտ 1 տոկոսն է մնում տեսանելի որպես լողացող թափոն, մնացյալը սուզվում է ծովի խորքը: Կարելի է միայն ենթադրել, թե որտեղ է գտնվում 99 տոկոսը. մի մասը կուլ են տալիս ծովային կենդանիները, մյուսը՝ խորասուզվում:
«Մենք նկատել ենք, որ հետազոտության շրջանում միկրոմասնիկներն անհավասարաչափ են տեղաբաշխված: Հզոր հոսանքների միջոցով պլաստիկե մասնիկները օվկիանոսի հատակին խտանում են որոշակի վայրերում,- ասում է Քեյնը: - Այդ հոսանքները միկրոմասնիկները տեղափոխում են մեծ տարածություններով եւ ստեղծում, այսպես կոչված, դրեյֆող նստվածքներ»:
Այսպիսով, խորքում հայտնվող միկրոպլաստիկը ընկնում է ծովային հոսանքների մեջ եւ հատակին ստեղծում աղտոտման «թեժ կետեր»: «Ցավոք, պլաստիկը դարձել է նստվածքի նոր տեսակ, որը ծովի հատակին է տարածվում ավազի, ցեխի եւ սննդարար նյութերի հետ»,- արձանագրում է հետազոտության համահեղինակ, Դարեմի համալսարանից Ֆլորիան Փոլը:





























