Իսպանիայի ամենահայտնի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը հրաշալի վերափոխման է ենթարկվել, որը էկոլոգներին ցնցել է ու հիացրել: Գրան Կանարիա կղզում Լաս Պալմասի ալիքաձեւ ավազաբլուրները ամեն տարի հարյուր հազարավոր զբոսաշրջիկների են գրավում, եւ այդպիսի մեծ ուշադրությունը վնասում է տեղական բնապատկերը, փոխանցում է Nat-geo-ն:
Բնության պաշտպանները հանգստացողներին մշտապես խնդրում են չավերել բնական միջավայրը՝ ավազի վրա պատկերներ, խորհրդանիշներ, սրտիկներ կամ անվանատառեր նկարելով, որոնցից որոշները կարելի է տեսնել նույնիսկ տիեզերքից, ինչպես նաեւ հազարավոր այլ հետքեր: Ընդամենը մեկ տարի առաջ նախազգուշացնում էին, որ շրջանի բնական գեղեցկությունը կարող է կործանվել եւ ընդմիշտ կորստի մատնվել, եթե այցելուներն իրենց պահվածքը չփոխեն: Իրավիճակն այնքան վատթար էր, որ կղզու օդանավակայաններում սկսել էին բաժանել հատուկ թռուցիկներ՝ զբոսաշրջիկների համար կոչերով:
Հիմա՝ վեց շաբաթ հետո այն բանից, երբ Իսպանիան կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտին էր հայտարարել, հռչակավոր ավազաբլուրները այնպիսին են դարձել, ինչպիսին դրանք չեն տեսել արդեն 50 տարի: Հանգստացողների լիակատար բացակայության եւ բոլոր լողափերը փակելու կառավարության որոշման շնորհիվ Լաս Պալմասը վերադարձել է նախաստեղծ վիճակին՝ թեք բլուրներով եւ մարդկային ներկայության ոչ մի հետքով:
«Կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը, որոնք բնակչության համար ծանր հետեւանքներ ունեն, այնուամենայնիվ, նպաստում են տարբեր միջավայրերում կարեւոր էկոլոգիական պրոցեսների վերականգնմանը»,- ասել է «Լաս Պալմասի ացազաբլուրները» նախագծի տեխնիկական տնօրեն Միգել Անխել Պենյան:
Ավազաբլուրները հատուկ բնական արգելոցում են՝ պաշտպանության բարձր աստիճանով եւ համարվում են Գրան Կանարիայի ամենանշանակալի էկոհամակարգերից մեկը, որի մակերեսը մոտ 400 հեկտար է:































