Մեծ Բրիտանիայի Քենթ նահանգում զինված ոստիկաններ եւ ուղղաթիռ են ուղարկվել վագրին որսալու համար, որը, հաղորդագրության համաձայն, փախել էր կենդանաբանական այգուց եւ գտնվում էր անտառում: Սակայն «միջադեպի» վայրում ոստիկանությունը պարզել է, որ վագրը իրական չէ, հայտնում է BBC-ն:

Անդերիվերի փոքրիկ Քենթ գյուղը ժամանած ոստիկաններին դիմավորել է վագրի արձանի հեղինակ, 85-ամյա Ջուլիետ Սիմփսոնը: «Ես նրանց տարա քանդակի մոտ, նրանք մի լավ ծիծաղեցին եւ բազմաթիվ լուսանկարներ արեցին»,- ասել է քանդակագործը:

Նա հարեւանից իմացել է, որ ինչ-որ մեկը զանգահարել է ոստիկանություն եւ ասել, թե մոտակա անտառում փախած գիշատիչ են տեսել: Այդ ժամանակ Սիմփսոնը անմիջապես գնացել է իր քանդակի մոտ, որը գտնվում է իր տանից ոչ հեռու: «Զինված ոստիկանների մի ամբողջ բազմություն էր եկել մոտակա բացատ: Այդ ժամանակ նրանք արդեն հասկացել էին, որ ահազանգը կեղծ է եղել, ուստի ես նրանց հարցրեցի. «Դուք ուզո՞ւմ եք, որ ես ձեզ ծանոթացնեմ իմ իրական կենդանի վագրի հետ։ Նա ճանապարհից մոտ 30 մետր հետու է, եւ լավ չի երեւում»:

Քանդակը, որը պատրաստված է մետաղալարից եւ էպոքսիայի խեժից, գտնվում է այս վայրում մոտ 20 տարի եւ այնքան էլ լավ վիճակում չէ, նշել է քանդակագործը: