Մեքսիկայի կառավարությունը աճուրդով վաճառել է հանգուցյալ թմրաբարոն Ամադո Կարիլյո Ֆուենտեսի առանձնատունը, հայտնում է BBC-ն։

Մեխիկոյում գտնվող տունը վաճառվել է ավելի քան 2 մլն դոլարով, իսկ ստացված միջոցները կծախսվեն մեքսիկական առողջապահության եւ կորոնավիրուսի դեմ պայքարի կարիքները հոգալու համար։

Կարիլյո Ֆուենտեսը, որը հայտնի էր «Երկնքի տիրակալ» անունով, մահացել է 1997թ․՝ անհաջող պլաստիկ վիրահատությունից հետո։ Նա իր անունը ստացել է մասնավոր ինքնաթիռներով մեծ քանակությամբ թմրամիջոցներ տեղափոխելու ունակության համար։

Նա սկսել է մարիխուանայի մաքսանենգությունից, այնուհետեւ անցել Կոլումբիայից Մեքսիկայով ԱՄՆ կոկաինի տեղափոխմանը։

Նա իր ղեկավար Ռաֆայել Ագիլարա Գուախարդոյի սպանությունից հետո իր վերահսկողության տակ է առել Խուարեսի կարտելը եւ հայտնի է եղել իր դաժանությամբ։

Վիրաբույժները, որոնք կատարել են նրա վիրահատությունը մի քանի ամիս անց սպանվել են։ Նրանց մարմինները, որոնց վրա խոշտանգումների հետքեր են եղել, բետոնի տակ են հայտնաբերվել։

Մեքսիկական կառավարական Indep մարմինը, որը ստեղծվել է հանցագործություններից եկամուտները ժողովրդին վերադարձնելու համար, կիրակի օրը տունը վաճառքի է դրել Մեխիկոյի աճուրդում։

3550 ք/մ տարածքով տունը ունի լողվազան, ջակուզի, բար եւ գինու մառան, ինչպես նաեւ՝ լայնարձակ այգիներ։

Բացի Կարիլյո Ֆուենտեսի տնից, աճուրդում վաճառքի է դրվել եւս 143 լոտ։ Դրանց թվում 70 ավտոմեքենա, 5 ինքնաթիռ, 5 այլ տներ եւ ավելի քան 100 թանկարժեք զարդեր։