Համաճարակի սկզբում սոցիալական ցանցերում հայտնվեցին տեսանյութեր Իտալիայից, որոնցում հարեւանները իրենց պատշգամբներում երգում էին միմյանց հետ: Այս միտումը նկատվել է նաեւ Իսրայելում, Իսպանիայում, Իրաքում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Հնդկաստանում, Գերմանիայում եւ այլ երկրներում: Բայց հետաքրքիր էր, որ մարդիկ դուրս էին գալիս ոչ միայն իրենց տանիքներ եւ պատշգամբներ, այլեւ ինտերնետ՝ պարզապես միասին երգելու համար, հայտնում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն:
Հաղորդակցության այս անհրաժեշտությունը, հատկապես երաժշտության միջոցով, մարդու գոյության հիմնական հատկանիշներից է: Մարդը սոցիալական էակ է: Որոշ գիտնականներ պնդում են, որ կենսաբանական մակարդակում մարդու «սոցիալական ուղեղը» (հասկացություն, որը բացատրում է, թե ուղեղի որ կենտրոննեն են պատասխանատու սոցիալական փոխազդեցության համար) ավելի զարգացած է, քան ցանկացած այլ տեսակինը: Այսպիսով, մարկանց մոտ կա փոխհարաբերություններ ստեղծելու եւ միմյանց հետ համագործակցելու կենսաբանական անհրաժեշտություն:
Դա դրսեւորվում է ֆիզիոլոգիական եւ հոգեբանական սթրեսի վիճակում, որը մենք զգում ենք մեկուսացման մեջ, ինչը մեծացնում է այլ մարդկանց հետ շփվելու մեր ցանկությունը:
Հետաքրքիրն այն է, որ պարզապես միմյանց հաղորդագրություններ ուղարկելը կամ հեռախոսով խոսելը, կարծես, ամբողջովին չի բավարարում մեր պահանջը: Մենք պետք է հաղորդակցվենք այնպես, որ «սոցիալական ուղեղը» զգացմունքային մակարդակում ռեզոնանսվի:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ մենք միասին երգում ենք, մեր «սոցիալական ուղեղը» ակտիվանում է օքսիտոցին արտադրելու համար: Սա հորմոն է, որը սերտորեն կապված է այն բանի հետ, թե ինչպես են մարդիկ շփվում միմյանց հետ: Այն արտազատվում է, երբ մենք ձեւավորում ենք սոցիալական կապեր, երբ համահունչ ենք միմյանց հետ անձնական փոխհարաբերությունների ժամանակ, եւ երբ ինչ-որ մեկին մոտ ենք, ինչի պատճառով ոմանք այն անվանում են «գրկախառնությունների» կամ «սիրո» հորմոն: Երաժշտական ոլորտում վերջին աշխատանքները ցույց են տվել, որ օքսիտոցինը բարձրանում է, երբ միասին երգում ենք: Ընդ որում՝ կարեւոր չէ, թե ինչպես եւ ինչ ենք երգում:
Սակայն ոչ միայն երգելն է մեծացնում այս հորմոնի մակարդակը: Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ օքսիտոցինը բարձրանում է նաեւ պարզապես երաժշտություն լսելուց հետո:




























