50 տարվա ընթացքում միլիարդ մարդ կապրի անտանելի տապի պայմաններում, ասվում է նոր հետազոտության մեջ: Այս մասին գրում է Guardian-ը:

Հետազոտության հեղինակները նշում են, որ իրենք «ցնցված են» արդյունքներով:

Մարդկանց ճնշող մեծամասնությունը մշտապես բնակվել է շրջաններում, որտեղ միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է 6-28°C, ինչն իդեալական է մարդու առողջության համար: Մարդկությունը հատկապես զգայուն է, քանի որ մենք ապրում ենք ցամաքում, որն ավելի շուտ է տաքանում, քան օվկիանոսները, եւ բնակչության հետագա աճ տեղի կունենա ամենաշոգ վայրերում՝ Աֆրիկայում եւ Ասիայում: Այդ ժողովրդագրական գործոնների հետեւանքով մարդը կզգա 7,5 °С ջերմաստիճանի բարձրացում:

Ըստ կանխատեսումների՝ գլոբալ տաքացումը կանդրադառնա Հնդկաստանում 1,2 մլրդ մարդու, Նիգերիայում 485 մլն մարդու , Պակիստանում, Ինդոնեզիայում եւ Սուդանում ավելի քան 100 մլն մարդու վրա:

Դա զգալիորեն կմեծացնի միգրացիոն ճնշումն ու խնդիրներ կստեղծի սննդամթերքի արտադրության համակարգերի համար:

«Կարծում եմ՝ արդարացի կլինի ասել, որ 29 աստիճանից բարձր ջերմաստիճանը անկենսունակ է: Դուք պետք է շարվեք կամ ադապտացվեք: Եթե բավարար գումար ունեք, կարող եք օդորակիչ օգտագործել: Սակայն դա չի կարող իրեն թույլ տալ մարդկանց մեծամասնությունը»,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Վագենինգենի համալսարանից Մարտեն Շեֆերը:       

Հետազոտության հեղինակները կարծում են, որ եզրահանգումները պետք է քաղաքական գործիչներին ստիպեն արագացնել արտանետումների կրճատումն ու միասին աշխատել:

«Ակնհայտ է, որ անհրաժեշտ է գլոբալ մոտեցում»,-ասել է Նանկինի համալսարանից մեկ այլ հեղինակ Սյույ Չին: