ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում ավտոգողերը օգտվել են կորոնավիրուսի համավարակից եւ ինքնամեկուսացման ռեժիմից՝ դատարկ դիլերային կենտրոններից նոր ավտոմեքենաներ գողանալու համար:
Ընդ որում՝ Ուինսթոն Սեյլեմ եւ Քեռներսվիլ քաղաքներում հանցավոր սխեմայում գործել է մանկահասակ հանցագործների մի ամբողջ բանդա, որոնցից ամենափոքարը եղել է 9 տարեկան, ամենամեծը՝ 16: Տուժել է ընդհանուր 14 դիլերային կենտրոն, ըստ որում՝ գողերը դրանցից որոշներն այցելել են մի քանի անգամ, հայտնում է dailymail.co.uk-ը:
Արդյունքում՝ 19 գողերին հաջողվել է տիրանալ վաճառքի սրահներում կամ նորոգման գոտում գտնվող 46 ավտոմեքենայի: Գողացված ավտոմեքենաների ընդհանուր արժեքն անցել է 1 մլն 100 հազար դոլարից: Դրանք հիմնականում Audi-ի, Lexus-ի եւ Infiniti-ի, ինչպես նաեւ Toyota-ի, Volvo-ի, Honda-ի, Ford-ի, Subaru-ի եւ Chevrolet-ի պրեմիումային մոդելներ էին:
Գողությունները սկսվել են մարտի կեսից: Որպես կանոն, բանդայի ամենափոքր անդամները ավտոսրահներից գողացել են նոր ավտոմեքենաների բանալիները, այնուհետեւ գործի են անցել հիմնական գողերը՝ ավելի մեծ դեռահասները: Հանցագործների մեծ մասն արդեն կալանավորվել է: Վերադարձվել է 46-ից 40 ավտոմեքենա: Մասնակցության մեղադրանք է առաջադրվել 19-ամյա Մեքել Սյուարտ Բինսին:
Շատ հավանական է, որ այս ամերիկացին հանդես է եկել որպես պատվիրատու: Այդուհանդերձ, տեղական ոստիկանության սպաներից մեկի կարծիքով՝ մեքենաներից շատերը չեն գողացվել պատվերով, այլ զվարճանալու համար, ինչպես ասել են ձերբակալվածները՝ կարանտինի պայմաններում ձանձրույթը ցրելու համար:
Հիշարժան է, որ բանտարկվել է միայն 4 անչափահաս հանցագործ: Հանրային անվտանգության տեղական վարչությունից հայտնել են, որ սա կապված է համավարակի պայմանների եւ բանտարկյալների պահման վայրերում բանտարկվածների թիվը սահմանափակելու տեղական իշխանությունների քաղաքականության հետ: Կասկածյալներին հետեւելու համար ձեռքերին ապարանջաններ են հագցրել, իսկ նրանք տնային կալանքի մեջ են:




























