Կորոնավիրուսի համավարակի ֆոնին հայտարարված սահմանափակումների վերացման ընթացքում Իլլ-դե Ֆրանս մայրաքաղաքային մարզում հասարակական տրանսպորտը հասանելի կլինի միայն  գործատուի կողմից կոնկրետ օրերին աշխատանքային ժամերի հստակ սահմանմամբ տեղեկանքների առկայության դեպքում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի տրանսպորտի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Ջեբարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Գործատուները պետք է հատուկ թույլտվություն տրամադրեն, որում նշված կլինի ժամանման ժամը եւ ինչպիսի տրանսպորտից պետք է օգտվի աշխատողը»,- ասել է նա  France 2 հեռուստաաիքի եթերում: Ջեբարիի խոսքով` իրավապահները կվերահսկեն համապատասխան փաստաթղթերի եւ պաշտպանիչ դիմակների առկայությանը, առաջին հերթին, երկաթուղային կայարաններում եւ մետրոյում:

Նա հավելել է, որ առաջին օրը ուղեւորներին անվճար պաշտպանիչ միջոցներ կբաժանվեն. այդ նպատակով 9.5 միլիոն դիմակ է ձեռք բերվել: Գործատուի կողմից տեղեկանքի բացակայության համար դեռ տույժեր նախատեսված չեն, խոսքը միայն վերահսկողների կողմից առանց այդ թղթի տրանսպորտային միջոցներ մուտք գործել արգելելու իրավասության մասին է:

«Եթե սանիտարական միջոցառումներն անարդյունավետ լինեն, մենք առանց հապաղելու կփակենք ավտոբուսի եւ տրամվայի երթուղիները»,- ասել է պետքարտուղարը:

Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով` մինչ օրս երկրում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 25.8 հազարը: Հիվանդանոցներում մոտ 24 հազար հիվանդ կա, գրեթե 54 հազար մարդ առողջացել է: