Իսպանիայում մեծ թվով ընկերությունների աշխատակիցներ հակամարմինների թեստավորում են անցնում իրենց ձեռնարկությունների աշխատանքի վերսկսման ռազմավարության շրջանակում: Երկրում առաջինը պետք է բացվեն փոքր բիզնեսի ձեռնարկությունները, սակայն դրան պատրաստվում են արդեն հիմա:

«Մենք արդեն սկսել ենք մեր բոլոր հաստիքային եւ արտահաստիքային աշխատակիցների շիճուկաբանական թեստավորումը: Շուտով՝ այս շաբաթ, կսկսենք մեր գրասենյակներում անվտանգության միջոցառումների իրականացումը: Մենք պետք է նախապատրաստվենք, եթե իշխանությունները հայտարարեն աշխատանքի վերսկսման ժամկետները: Մենք չենք կարող սպասել, մինչ մեզ կասեն՝ ինչ անել եւ ինչից խուսափել: Եթե երկուշաբթի՝ մայիսի 11-ին, մեզ թույլ տան գնալ հաճախորդների մոտ, մենք պետք է պատրաստ լինենք»,- Euronews-ի փոխանցմամբ՝ ասել է տեղական անշարժ գույքի գործակալության տնօրեն Խավյեր Կաստելանոն:

Ռիելթոր Խայմե Ռուիսի խոսքով՝ համանման թեստերը ժեստ են, որ ցույց են տալիս առաջին հերթին մյուս մարդկանց հանդեպ հարգանքը, որոնց հետ դեռ պետք է աշխատեն:

Իսպանիայի իշխանություններն ավելի վաղ հրահանգել էին զերծ մնալ հակամարմինների զանգվածային թեստավորումից: Սակայն մեծ թվով խոշոր ընկերություններ որոշել են ինքնուրույն գործել: Օրինակ՝ PricewaterhouseCoopers կորպորացիան, որը ի թիվս այլոց, նաեւ ներդնում է համաճարակաբանական վերահսկողության էլեկտրոնային ծրագրեր: Նախաձեռնության հեղինակների մտահղացմամբ՝ սա պետք է աշխատակիցների եւ հաճախորդների միջեւ շփումներն ավելի անվտանգ դարձնի: Իր աշխատակիցների տվյալների պաշտպանության համար ընկերության ղեկավարությունը օգտագործում է բլոքչեյն տեխնոլոգիաներ:

Ըստ Իսպանիայի իշխանությունների ծրագրի՝ փոքր ձեռնարկությունները կարող են մայիսի 10-ից հետո աշխատանքի վերսկսման հույս ունենալ: Ավելի խոշոր ֆիրմաները իրենց դռները կբացեն ավելի ուշ: