Հնդկաստանի Օդիշ նահանգի Քենդուջհար շրջանի բնակիչը անտառում հայտնաբերել է հազվագյուտ երկգլխանի օձ, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Daily Star-ին:
Լուսանկարիչ եւ վայրի բնության սիրահար Ռակեշ Մոհալիկը անտառում երկգլխանի օձ է գտել: Սողունի երկարությունը 14 սանտիմետր է, այն ունի երկու լիարժեք ձեւավորված գլուխ, յուրաքանչյուրի վրա՝ երկու աչք եւ մեկ լեզու:
Երկու գլուխներն էլ գործում են միմյանցից անկախ եւ պայքարում են միմյանց դեմ սննդի համար: Մոհալիկը ասել է, որ նման արարածներին հեշտ չէ վայրի բնության մեջ գոյատեւել: «Նրա գլուխներից մեկը մի փոքր ավելի լավ է զարգացած, քան մյուսը»,- ասել է նա: Մոհալիկը օձին կրկին բաց է թողել անտառում:
Նման անոմալիաներ հազվադեպ են հանդիպում՝ երկգլխանի ծնվում է աշխարհում 100 000 կենդանի էակներից մեկը: Շատ մշակույթներում երկգլխանի կենդանիները աղետների նախանշան են համարվում:



























