Ուհանում ծովամթերքների շուկան մեծ թվով մարդկանց պատճառով  կարող է COVID-19- ի տարածման կատալիզատոր դառնալ, բայց դեռ հայտնի չէ, թե որտեղից է առաջացել վարակը: Այս մասին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ԱՀԿ սննդի անվտանգության եւ զոոնոզային վարակների փորձագետ Պիտեր Բեն Էմբարեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչպես մենք գիտենք, առաջին դեպքերը հայտնաբերվել են Ուհանում եւ դրա շրջակայքում, եւ դրանք ծանր են եղել: Եվ շուկան կարող է որոշակի դեր ունենալ: Մենք չգիտենք` վարակումը շուկայում է եղել, թե ոչ, արդյոք դա վարակված կենդանի էր, որը հայտնվել է շուկայում, կամ` արդեն վարակված մարդ, եւ ինչ դեր է ունեցել շուկան` մենք դեռ չգիտենք»,- ասել է նա:

Ըստ նրա` վիրուսի աղբյուրը կարող էր լինել ինչպես շուկայի տարածքում, այնպես էլ մեկ այլ տեղ: «Սովորաբար նման հիվանդությունները կապված են կենդանիների հետ: Թե ինչ կենդանիներ են եղել այս դեպքում, մենք դեռ չգիտենք: Կան մի շարք ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս տարբեր կենդանիների` վարակվելուն ենթակա լինելը եւ արդյոք նրանք կարող են փոխանցել վիրուսը: Դա կարող է մեզ հնարավորություն տալ պարզել, թե որ կենդանին է եղել հիվանդության փոխանցողը»,-  հավելել է:

Բեն Էմբարեկը նշել է, որ, որոշ ուսումնասիրությունների համաձայն, կատվազգիները, այդ թվում` վագրերը, ինչպես նաեւ կզաքիսները վարակվում են վիրուսով: Կատուները նույնիսկ կարող են փոխանցել այն միմյանց: Շներն ավելի քիչ են ենթակա վարակման, ինչպես նաեւ` տնային թռչյունները, խոզերը եւ այլ գյուղատնտեսական կենդանիները: Սակայն կարեւոր է հետազոտություններ անցկացնել այն կենդանիների շրջանում, որոնք սովորաբար բերվել են Ուհանի շուկա:

Փորձագետը շեշտել է, որ ատիպիկ թոքաբորբի վիրուսը գենետիկորեն նման է COVID-19-ին, սակայն նույնական չէ դրան: Եվ այժմ հետազոտողների համար կարեւոր է ստանալ նոր վիրուսի գենետիկական հաջորդականությունը` նախքան դրա փոխանցվելը մարդկանց: Այս դեպքում մասնագետները կկարողանան ավելի լավ հասկանալ, թե ինչպես է այն հարմարվել մարդու օրգանիզմին: