Իսրայելում կարանտինից հետո այցելուների համար բացվել է 11 ազգային պարկ եւ ինը արգելոց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով երկրի զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունը:
Հաջորդ շաբաթ բացման է պատրաստվում եւս 20 ազգային պարկ եւ արգելոց, ինչպես նաեւ վեցից ութ քեմփինգ: Բոլոր վայրերը կգործեն Իսրայելի առողջապահության նախարարության ցուցումների համաձայն: Մուտքերի մոտ անսպասելի հերթերից խուսափելու համար այցելությունները կթույլատրվեն միայն նախնական առցանց ամրագրումներով եւ կանխավճարով:
Յուրաքանչյուր այգու եւ արգելոցի համար հյուրերի քանակի քվոտաներ են սահմանվել` 300-ից 2000 մարդ` կախված օբյեկտի չափից, այցի միջին տեւողությունից, տուրիստական հոսքից եւ տեսարժան վայրերից: Այս քվոտաների շնորհիվ ավելի հեշտ է հետեւել այցելուների թվին, ինչպես նաեւ ապահովել պահանջվող երկու մետր նվազագույն ֆիզիկական հեռավորությունը:
Բացի այդ, հյուրերը պարտավոր են դիմակներ կրել եւ պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Մուտքի մոտ նրանց նույնականացման գունավոր թեւնոցներ են բաժանվում (ըստ այցի ժամի) եւ ստուգում են ջերմաստիճանը:





























