Սոցիալական հեռավորության պրակտիկան մեկ քառորդով նվազեցրել է օդի աղտոտվածության պատճառով ամենամսյա մահացության դեպքերը, գրում է Washington Examiner-ը։

Չիկագոյի, Հյուսիսային Կորոլինայի, Կառնեգի Մելոնի եւ Դորթմունդի համալսարանների տնտեսագետները նշում են, որ սոցիալական հեռավորության ռեժիմի պահպանման մեկ ամսվա ընթացքում 19%-ով նվազել են ածխածնի արտանետումները տրանսպորտի եւ էլեկտրականության ոլորտներում։

Հետազոտողները նաեւ նշում են, որ առայժմ պարզ չէ, թե այս պատկերն ինչպես կփոխվի վիրուսի բռնկման ավարտից հետո։

Տնտեսագետները հայտնաբերել են, որ կանխված անժամանակ մահերի մեծ մասը պայմանավորված են եղել մեքենաներով ուղեւորությունների՝ հետեւաբար նաեւ ազոտի օքսիդի արտանետումների նվազմամբ։ Մեծ քաղաքներում նկատվում է ամենամեծ նվազումը։ Լոս Անջելեսում դիտվում է ամենամեծ արդյունքը՝ 75-ով պակաս մահեր ուղեւորությունների քանակի նվազման պատճառով։ Նյու Յորքը երկրորդ տեղում է՝ 25 մահով պակաս։

Տնտեսագետներն, ընդհանուր առմամբ, հայտնաբերել են, որ ուղեւորությունների եւ էկեկտրաէներգիայի արտադրության ծախսերի նվազումը հանգեցնում է ամսական մոտ 5,5 միլիարդ դոլարի էկոլոգիական օգուտի։ Միայն Լոս Անջելեսի օգուտը կկազմի ամսական մոտ 750 միլիոն դոլար, Նյու Յորքինը՝ 320 միլիոն։ 

Տնտեսագետների խոսքերով՝ էլեկտրաէներգիայի արտադրության նվազումը քիչ է ազդել աղտոտվածությունից մահացության ցուցանիշների վրա՝ այն պատճառով, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն այնքան չի նվազել, ինչքան ավտոմոբիլային ուղեւորությունների քանակը։