Բուլղարական Բաչո Կիրո քարանձավում հայտնաբերված ոսկորների մասերը եւ սեղանատամները մոտ 45 հազար տարի առաջ ապրած բանական մարդու (Homo Sapiens) մասունքներ են: Ինչպես հստակեցնում են Բուլղարիայից հնագետները, խոսքը մարդու ժամանակակից տեսակի ամենահին մասունքների մասին է, որ գտնվել են Եվրոպայի տարածքում, փոխանցում է Planet- today-ը: 

Մարդկային մասունքների վատ պահպանված հատվածներից բացի, Բաչո Կիրո քարանձավում հայտնաբերվել են աշխատանքի քարե եւ ոսկրե գործիքներ, ինչպես նաեւ հնագույն մարդկանց պատրաստած այլ արտեֆակտներ: Գիտնականները, մասնավորապես, գտել են քարանձավային արջի ատամներից կախազարդեր, որոնք 45 հազար տարի առաջ միանգամայն նորաձեւ զարդ էին:

Նախկինում ենթադրվում էր, որ բուլղարական քարանձավում, որտեղ արդեն գտել էին արժեքավոր արտեֆակտներ, բնակվել են նեանդերթալցիները, բայց հիմա գիտնականներին վերջանականապես պարզ է դարձել, որ այստեղ բնակվել են Homo Sapiens տեսակի ներկայացուցիչները, այսինքն՝ մեր անմիջական նախնիները: Քարանձավում հայտնաբերված բանական մարդու մասունքների միջին տարիքը կազմում է 43-ից մինչեւ 46 հազար տարի:

«Մեր առջեւ են Եվրոպայում մարդկանց ժամանակակից տեսակի ամենաառաջին ալիքի հետքերը: Նախկինում կարծում էինք, որ գրեթե 300 հազար տարի առաջ Աֆրիկայում հայտնված տեսակը մի փոքր ավելի ուշ է թափանցել Եվրոպա (որտեղ գերակշռել են նեանդերթալցիները), սակայն Բույլղարիայում հայտնաբերված նոր գտածոները թվագրումը հստակեցնում են»,- հայտարարել է հնէամարդաբան Ժան-Ժակ Հաբլինը, որը ղեկավարում է Մաքս Պլանկի անվան էվոլյուցիոն մարդաբանության գերմանական ինստիտուտին կից մարդու էվոլյուցիայի դեպարտամենտը: