Politik.am- գրում է. ՀՀ Արդարադատության նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի հինգ աշխատակից վարակված են կորոնավիրուսով։ Աշխատակիցները բանտապահներ են եւ ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող քաղաքացիները հենց նրանց հետ են առավել հաճախ շփվում։
Նախարարության իրենց աղբյուրները նշել են, որ իշխանությունները փորձում են վարակված աշխատակիցների մասին տեղեկությունները գաղտնի պահել, որպեսզի տեղեկատվությունը չազդի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդությունը քննող դատավորի որոշման վրա։
Նկատենք, որ նախագահ Քոչարյանը գտնվում է ռիսկային խմբում եւ վարակակիր աշխատակիցները առողջապահական տեսանկյունից կարող են վտանգավոր լինել իր համար։
Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Politik.am-ի հետ զրույցում պնդել է, որ վարակման դեպք չի արձանագրվել․ «Տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել»։
Հ․Գ․ Նկատենք, որ իրենց աղբյուրը փոխանցել է, ըստ իր պնդման, վարակակիր աշխատակիցների տվյալները։ Հավելյալ տեղեկություններ կհաղորդենք, եթե նրանցից որեւէ մեկը ցանկություն հայտնի հրապարակային խոսել այդ մասին։




























